ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ազատ տնտեսական գոտիներ Հայաստանում. որտե՞ղ և ինչո՞ւ

Ազատ տնտեսական գոտիներ Հայաստանում. որտե՞ղ և ինչո՞ւ
16.01.2009 | 00:00

ԽԱՉՄԵՐՈՒԿ
(սկիզբը` նախորդ համարում)
Կարևոր է, որ անգամ հավակնոտ տնտեսական քաղաքականությունն ունենա որոշակի իրական նախադրյալներ: Նախադրյալներ, որոնք բխում են ազգային տնտեսության ձևավորման առաջնահերթություններից և հրատապ հիմնախնդիրներից: Արհեստածին, հորինված և օտար օրինակներին նմանակող տարբերակներին դիմելու փոխարեն նախընտրելի է մեկ անգամ ևս մատնանշել անլուծելիության բարդույթով պարուրված այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են երկրաշարժից ավերված տնտեսության վերականգնման խնդիրը, Հայաստանի աշխարհագրա-քաղաքական դիրքից, մասնավորապես, առևտրա-տնտեսական խաչմերուկից վերստին օգտվելու իրատեսական հնարավորությունը, ինչպես նաև հանրապետության և հայության համեմատական և բացարձակ, մրցակցային առավելությունների, առաջին հերթին մտավոր կարողության նյութականացման և դրանով համաշխարհային տնտեսությանն ինտեգրացվելու անհրաժեշտությունը: Տեղի առանձնահատկություններից բխող այս երեք հիմնական խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է ազատ տնտեսական գոտիների ստեղծման համար առանձնացնել հետևյալ տարածքները` վերջիններիս տնտեսական, սոցիալական, քաղաքական և այլ բնույթի փաստարկներով և հիմնավորումներով:
ԱՏԳ-Ի ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ
Բացի օրվա հրամայական դասվելուց, այս ընտրությունը համապատասխանում է միջազգային ասպարեզում ընդունված դասակարգման երեք առանցքային տեսակներից մեկին (մաքսային գոտիներ, արտահանման արտադրության գոտիներ, տեխնոպարկ): Տնտեսական և քաղաքական առումով տվյալ մարզի ընտրությունը հիմնավորելու համար անհրաժեշտ է պատասխանել առնվազն երեք հարցադրումների. ինչո՞ւ տվյալ տարածքում, ինչպե՞ս և ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել: Եվ այսպես. ինչո՞ւ Շիրակի մարզում:
Նախ` այսօր Երևանը գործարար աշխուժության առումով գերծանրաբեռնված գոտում է հայտնվել, իսկ աղետի գոտում տնտեսության վարման համար տարրական միջոցներն անգամ բացակայում են: Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ 1988 թ. դեկտեմբերյան աղետի հետևանքով ավերվել է ՀՀ տնտեսության 42%-ը, որի մեծ մասը՝ Գյումրիում և հարակից բնակավայրերում: Մեր կողմից հաշվարկված է նաև, որ առաջարկվող տարածքում տնտեսության վերականգնման և զարգացման դեպքում կվերագործարկվի Հայաստանի արդյունաբերական կարողության 23-24%-ը, իսկ աշխատանքով կապահովվի երկրի գործազուրկ բնակչության 18%-ից ավելին:
ԱՏԳ-ի կարգավիճակը հնարավորություն կտա ներդրումներ ապահովել ավելի մեծ չափերով, քանի որ դրանք կազատվեն հարկային, մաքսային և այլ պարտականություններից, որոնք նախատեսված են ԱՏԳ-ից դուրս: Թեև այս առաջարկի հնարավոր ընդդիմախոսները կարող են պնդել, որ հարկերի և մաքսերի շատ տեսակներով չի համալրվի հանրապետության գանձարանը, այլ խոսքով՝ բյուջեի եկամուտների մասը, այսուհանդերձ, առավել կարևոր է ներկայանում հետևյալ փաստարկը. ԱՏԳ-ի կարգավիճակով գործելու առաջին երկու-երեք տարիների ընթացքում գրեթե երեք անգամ կթեթևանա բյուջեի ծախսերի այն բացարձակ գումարը, որը նախատեսված է նույն տարածքում շինարարական աշխատանքներ, սոցիալական բնույթի տարբեր ծրագրեր իրագործելու համար:
Արդյունքում հնարավոր կլինի ակնկալել հետևյալը.
l բնակարանային շինարարություն՝ ի հաշիվ ներքին և արտաքին ներդրումների,
l մարզկենտրոն Գյումրին գյուղերի ու ավանների հետ կապող ճանապարհների բարեկարգում,
l ենթակառույցների, ներառյալ հաղորդակցությունների, խմելու ջրի և ոռոգման համակարգերի վերակառուցում և զարգացում, էլեկտրաէներգիայի ստացման ավանդական և այլընտրանքային աղբյուրների ավելացում,
l լայն սպառման ապրանքների արտադրության ծավալների ավելացում՝ նախ` աղետի գոտում, հետագայում նախատեսելով նաև դրանց արտահանումը,
l սննդի և թեթև արդյունաբերության ենթաճյուղերի արագընթաց զարգացում, նոր աշխատատեղերի ստեղծում,
l գյուղացիական տնտեսությունների ըստ ամենայնի զարգացում և մասնագիտացում,
l ստվերային տնտեսության դիրքերի զգալի թուլացում, հարկային արտոնություններով ներքին ներդրումների խթանում,
l սոցիալական հիմնահարցերի աստիճանական հանգուցալուծումներ,
l արտագաղթի կասեցում և նախկին տեղաբնակ գործարարների ներհոսք (վերադարձ):
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԾՈՒՄԸ ԱՏԳ-Ի
«Ինչո՞ւ» հարցի պատասխանը պայմանավորված է այն նախադրյալների առկայությամբ, որոնք անհրաժեշտ են մաքսային գոտու տեխնիկատնտեսական հիմնավորման համար: Դրանցից են.
l ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր բեռնատար տերմինալը,
l մաքսային ստուգումներ չանցած ապրանքների համար ժամանակավոր պահպանման պահեստները,
l մաքսային պահեստները և փոխադրման տերմինալները,
l տրանսպորտային և էքսպեդիցիոն ընկերություններն ու գործակալությունները,
l հավաքովի արտադրությունները և ապրանքների լրացուցիչ վերամշակում պահանջող արտադրությունները,
l արտահանվող և ներմուծվող ապրանքների տեսակավորման և փաթեթավորման արտադրությունները,
l ներմուծվող ապրանքների (կիսաֆաբրիկատների, դետալների) հիման վրա լայն սպառման ապրանքների, հետագայում դրանցից աստիճանաբար տեղականին անցում կատարելու հնարավորություններով օժտված արտադրությունները,
l արտահանման ուղղվածության և ներմուծումը փոխարինող ապրանքների արտադրությունները,
l հանրապետության գիտատեխնիկական և պաշտպանության համալիրների մշակած ծրագրերի վրա հիմնված (բնապահպանության համակարգի, ներառյալ զտիչ տեխնիկայի, էկոլոգիական մոնիտորինգի, ռազմավարական այլ ճյուղերի համար անհրաժեշտ արտադրատեսակների) արտադրությունները,
l ավիացիոն-տեխնոլոգիական սարքավորումների, թռիչքային գոտիների, օդանավակայանի աշխատանքի համար անհրաժեշտ սարքերի հավաքման և դրանց սպասարկման հետ կապված արտադրությունները,
l հաղորդակցությունների և կապի համակարգերի հավաքման, պատրաստման և սպասարկման արտադրությունները,
l համակարգչային տեխնիկայի, էլեկտրոնիկայի, էլեկտրատեխնիկայի, այդ թվում՝ կենցաղային արտադրատեսակների հավաքման և սպասարկման արտադրությունները,
l ավիացիոն տրանսպորտի և արագ սննդի համակարգի համար անհրաժեշտ սպասքի արտադրությունները,
l տարաների և փաթեթավորող արտադրատեսակների արտադրությունները,
l կարի արտադրությունները:
Հիշյալ գոտու («Զվարթնոց» օդանավակայանի ԱՏԳ) ձևավորման անհրաժեշտ նախապայմաններից են նաև.
l բանկային և ապահովագրական ընկերությունների գործունեությունը,
l խորհրդատվական և մասնագիտացված ճարտարագիտական ընկերությունների օգտագործումը,
l ազատ առևտրի (duty free) խանութների աշխատանքը,
l բիզնես կենտրոնների բացումը,
l հյուրանոցային համակարգերի ստեղծումը:
Ստեղծված տեխնիկական պայմաններն այսօր տեսականից գործնականի կարող են վերածել երկրի բարենպաստ դիրքից՝ առևտրական խաչմերուկից օգուտներ քաղելու հնարավորությունները: Մյուս կողմից, պետության ընձեռող մաքսային արտոնությունները դեպի Հայաստան կուղղեն բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների հսկայական հոսքեր, որոնք անպայմանորեն կնպաստեն ազգային տնտեսության շեշտակի վերելքին: Այս հարցում, իհարկե, չի կարելի անտեսել ՀՀ քաղաքացիական ավիացիայի համակարգում արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, որն իր հերթին առանձին վերլուծության առարկա է:
ՏԵԽՆՈՊՈԼԻՍԻ (ՏԵԽՆՈՊԱՐԿԻ) ՍՏԵՂԾՈՒՄ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ
Սա առաջավոր տեխնոլոգիաների բնագավառում հանրապետության և հայության մտավոր կարողության արդյունավետ նյութականացման դրսևորումներից մեկը կարող է հանդիսանալ: Միաժամանակ դա միջազգային ասպարեզում հաջող փորձություն անցած տնտեսա-տեխնոլոգիական զարգացման գոտու օրինակներից է: Ավելին, «Աշտարակի տեխնոպարկ» անունը կրող ծրագիրը մանրակրկիտ մշակված առաջարկությունների փաթեթ է՝ հստակ հաշվարկներով, որին մասնակցել են տեղի և արտերկրի պոտենցիալ ներդրողները: Այն հիմնվելու է «Տրանզիստոր» գործարանի, ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի և ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա և առանցքային նպատակներ է հետապնդելու՝ գիտական, առաջավոր տեխնոլոգիաների մշակման, տնտեսա-առևտրային և ֆինանսական գործունեության տարբեր ձևերի ծավալում: Ի թիվս այլ օղակների, գիտական և տեխնիկական ստորաբաժանումները պետք է ունենան գործունեության համար բարենպաստ տնտեսական և իրավական պայմաններ: Հատկանշական է, որ, ըստ ծրագրի, «Աշտարակի տեխնոպարկի» ստեղծման առաջին հինգ տարիներին նախատեսվում է 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որը կստեղծի ավելի քան 5000 աշխատատեղ՝ գիտնականների, հետազոտողների, ինժեներների, տեխնիկական աշխատողների համար: Ելնելով միջազգային ուսանելի փորձից` նախատեսվում է.
l ԱՏԳ կառավարման մարմնի ստեղծում, որին կնախորդի համապատասխան պայմանագրի ստորագրումը ՀՀ կառավարության հետ,
l մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտ ծրագրերի իրականացում (training),
l առանձին բանկի հիմնում,
l Քասախ գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցում՝ հնարավոր առանձին սնուցման համար,
l առաջավոր տեխնոլոգիաների ասպարեզում նոր նվաճումները ներկայացնելու ժամանակակից ցուցասրահ:
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ըստ ընդունված միջազգային օրենքների, տեխնոպարկի տարածքում արգելվում է՝
l աշխատողների, ծառայողների և ներդրողների մշտական բնակություն ԱՏԳ-ում,
l ԱՏԳ-ում գրանցված և գործող ձեռնարկությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հիմնում ԱՏԳ-ից դուրս,
l արտադրական գործունեության այնպիսի տեսակներ, որոնք առնչվում են զենքին և զինամթերքին, թմրանյութերին, ոգելից խմիչքներին, խաղատներին, վարակիչ և ծանր հիվանդություններով տառապողների բուժմանը, արժեթղթերի թողարկմանը և այլն:
Սահմանափակումներից ավելի, ԱՏԳ-երի` վերը նշված ձևերը նախատեսում են արտոնությունների մի ամբողջ համակարգ, որն էլ հենց հնարավորություն կտա իրագործելու հավակնոտ տնտեսական քաղաքականության հիմնական նպատակները` ապահովելով մի շարք ճյուղերի բեկումնային, մեր համոզմամբ, 14-15% աճի տեմպեր: Ներդրումների խթանման համար առաջին հինգ տարիներին սահմանվում է սովորականից 80%-ով ցածր շահութահարկի (եկամտահարկի), իսկ դրանց հաջորդող տարիներին` 50%-ով ցածր հարկերի գանձում: Միաժամանակ, արտադրական գործունեությամբ զբաղվող ձեռնարկատերերի համար հողի վարձն ԱՏԳ-ում զեղչվում է 50%-ով:
Վերը նշված երեք հիմնական առաջարկներով չեն կարող սահմանափակվել ԱՏԳ-երի ձևավորման հնարավորությունները Հայաստանում: Այսօր արդեն գործնական քայլեր պետք է արվեն Մեղրին սահմանամերձ առևտրի գոտու վերածելու ուղղությամբ: Մեր կողմից առանձին փաթեթ է մշակվում նաև զբոսաշրջության բնագավառում ԱՏԳ ստեղծելու ուղղությամբ, որը կներկայացվի առանձին վերլուծությամբ:
Այսպիսով, տեղի առանձնահատկությունները և ժամանակի հրամայականները հուշում են այն ուրվագծերը, որոնք շոշափելի արդյունքներ են խոստանում պետության կողմից համապատասխան տնտեսական քաղաքականության իրականացման և առաջարկվող գոտիների գործունեությանը նպաստող օրենսդրական դաշտի ձևավորման պարագայում:
(շարունակելի)
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 8716

Մեկնաբանություններ